Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայաստանը մուրճի և սալի արանքում. ի՞նչ անել

Հայաստանը մուրճի և սալի արանքում. ի՞նչ անել
24.06.2023 | 21:48

Հ.Գ. Խախտելով ընդունված կարգը, այս անգամ հետգրությունը դնում ենք հրապարակումից առաջ:

Նյութն է այդպես թելադրում:

Արթուր Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառմանը, որն irates.am-ում հրապարակվել էր «Դուք ուլտրա-ազգայնական տիրությում հանդես եկող քաղաքական վաշխառուներ եք» վերտառությամբ, արձագանքել էր ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: Նա մասնավորապես գրել էր. « Առաջարկում եմ կարդալ 2021թ. հոկտեմբերին «Փաստինֆո» լրատվականի կողմից հրապարակած «Հայաստանը մուրճի և սալի արանքում. ի՞նչ անել» հոդվածը: Եվ Դուք միգուցե կծանոթանաք որոշ խնդիրների վերաբերյալ ընդդիմադիր մոտեցմանը, այդ թվում սահմանազատման խնդրի վերաբերյալ»։

Կատարում ենք պարոն Հարությունյանի հորդորը:

***

Արցախյան երկրորդ պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի: Այդ ժամանակաշրջանը միանգամայն բավարար է 2020թ նոլեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման փաստացի արդյունքներն առարկայորեն գնահատելու համար: Իսկ իրերի իրական վիճակը հետևյալն է:

Այդ փաստաթղթով Ադրբեջանը ստանձնել էր ընդամենը մեկ պարտավորություն՝ վերադարձնել իր հսկողության տակ հայտնված գերիներին և այլ անձանց՝ բոլորը բոլորի դեմ սկզբունքով: Այդ կետը առ այսօր կատարված չէ:

Փոխարենը Հայաստանը ոչ միայն կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորություններն, այլև գերազանցել է դրանք: Մասնավորապես վերադարձրել է ոչ միայն բոլոր գերիներին, այլ նույնիսկ հանցագործներին, որոնց վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ խոսք անգամ չկար: Մենք, որպես բարի կամքի դրսևորում, թշնամուն փոխանցում ենք ականապատման քարտեզները, որի վերաբերյալ որևէ պարտավորություն ամրագրված չէ եռակողմ հայտարարության մեջ, իսկ Ադրբեջանը օկուպացնում է մեր տարածքները՝ 41 քառ.կմ:

Հայկական կողմը իր բանավոր ընկալումների հիման վրա ետ է քաշում իր զորքերը 2020թ նոլեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած դիրքերից, իբր թե դեպի Սյունիք պատերազմի տարածումը կանխելու նպատակով (ակնհայտ կեղծ հիմնավորում), փոխարենը որևէ քայլ չի կատարում ռազմավարական բարձրունքներում ամրապնդվելու և պաշտպանական նոր շփման գիծը ինժեներական նվազագույն ենթակառույցներով ամրացնելու ուղղությամբ: Ավելին, Ադրբեջանին հնարավորություն է տրվում գրավել Գորիս- Կապան ռազմավարական ճանապարհի 21կմ հատվածը՝ գործնականում կտրելով կապը Հայաստանի հարավային շրջանների հետ:

Այս ֆոնին առավել քան զավեշտալի է գործող իշխանության հրապարակային հայտարարությունն Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող տրանսպորտային կոմունիկացիաների ձևավորման իր հանձնառության մասին ( թշնամու մոտ առաջացնելով սպասումներ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի›› կապակցությամբ):

Այս ամենի արդյունքում Հայաստանի սահմանները հայտնվել են թշնամու ուղղակի և անդարձելի ռազմական սպառնալիքի ներքո, վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանը՝ թե՛ ռազմական և թե՛ դիվանագիտական ուղղություններում սեփական նախաձեռնությամբ հայտնվել է «մուրճի և սալի արանքում»:

Արդյունքում հայաստանյան այսօրյա քաղաքական օրակարգի առանցքային խնդիրներ են դարձել սահմանների սահմանազատումն ու սահմանագծում և ապաշրջափակումը՝ ստվերելով գերիների, անհետ կորածների, տարածքների օկուպացման և Արցախի անվտանգության խնդիրները:

Թվում էր թե նման պայմաններում հայկական ցանկացած ադեկվատ իշխանության համար ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցը պետք է լիներ հայ-ադրբեջանական ցանկացած բանակցությունների նախապայմանը, քանի որ դա 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Ադրբեջանին վերապահված միակ պարտավորությունն է և այն չի կատարվել: Այսինքն` պետք էր հրաժարվել որևէ առարկայական բանակցությունից, այդ թվում Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ կապված, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել իր հանձնառությունը: Մոսկվան պետք է շահագրգռված լինի այդ խնդրի լուծմամբ:

Այս ամենով հանդերձ իրողություն է այն, որ սահմանների և ապաշրջափակման խնդիրներն այսօր այլևս առաջնային կարևորության խնդիրներ են համարվում ոչ միայն Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան եռակողմ ֆորմատում, այլև Մինսկի խմբի շրջանակներում: Ուստի պրակտիկ քաղաքականության համար էական են դառնում նշված խնդիրների քննարկումներում հայկական կողմի ելակետային մոտեցումները:

Ստորև ներկայացվում են որոշ իրավաքաղաքական սկզբունքներ, որոնք կարող են և պետք է դառնան բանակցություններում հայաստանյան ցանկացած իշխանության մոտեցումների հենքը:

Սահմանների սահմանազատման եվ սահմանագծման խնդիրը.

1. Որևէ հիմնավորմամբ հնարավոր չէ հրաժարվել պետական սահմանի որոշակիացման (սահմանազատում և սահմանագծում) անհրաժեշտությունից, քանի որ պետական սահմանը ցանկացած պետության միջազգայնորեն ճանաչման բացառիկ ատրիբուտներից մեկն է:

2. Մինչ պետական սահմանի որոշակիացման բուն աշխատանքին անցնելը պարտադիր է բանակցել այն սկզբունքները, որոնցով պետք է կողմերն առաջնորդվեն պետական սահմանի սահմանազատման գործում: Ընդ որում՝ բանակցություններում պետք է առաջնորդվել բանակցային հայտնի սկզբունքով՝ «եթե չի բանակցվել թեկուզ մեկ սկզբունք, ապա ոչինչ չի բանակցվել»:

3. Սահմանազատման գործում պետք է հիմք ընդունել ԵԱՀԿ Քարտուղարության 2017թ. դեկտեմբերին հաստատված «Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում. հրատապ խնդիրներ և լուծումներ» փաստաթղթում ամրագրված սկզբունքները: Մեր պարագայում մասնավորապես կարելի է հիմք ընդունել հետևյալ սկզբունքները.

ա/ ուժի սպառնալիքով կամ ուժի կիրառման սպառնալիքով սահմանազատման բացառումը***

*** Թեպետ միջազգային պրակտիկայում սահմանազատման գործընթացում հաճախ առաջնորդվում են «uti possidetis ati possidaitis – Ինչը տնօրինում ես, այն էլ տնօրինում ես» սկզբունքով, սակայն այս սկզբունքի կիրառումը գործնականում բավականին վիճարկելի է և անհրաժեշտություն է առաջացել սահմանել այլ սկզբունքներ՝ որպես ռացիոնալ հակակշիռներ նշված սկզբունքին: «ա» կետում նշված սկզբունքը այդ հակակշիռներից մեկն է:

բ/ պետական սահմանը չի կարող դառնալ անկայունության և նոր սպառնալիքների աղբյուր

գ/ «Ինչը տնօրինում ես, այն էլ տնօրինում ես» սկզբունքը չի կարող նույնականացվել տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքի հետ***.

*** 1992թ. միջազգային դատարանը Սալվադորի և Հոնդուրասի միջև ցամաքային և ծովային սահմանների շուրջ վեճի կապակցությամբ իր որոշմամբ սահմանել է սույն սկզբունքը և այն լայնորեն կիրառվում է միջազգային իրավունքում: Մեր պարագայում այս սկզբունքն անկյունաքարային է Արցախի իրավական ճակատագրի տեսակետից:

դ/ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները պետք է ապահովված լինեն իրենց կենսունակության համար անհրաժեշտ հնարավորություններով ***

*** Այս սկզբունքն ամրագրում է, որ նշված բնակավայրերի բնակիչները սահմանազատման արդյունքում չեն կարող զրկվել խոտհարքներից,, ավանդորեն օգտագործվող արոտավայրերից, ջրային աղբյուրներից, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներից և բնակչի բնականոն կյանքի համար անհրաժեշտ այլ հնարավորություններից (ցանկը բերված է ԵԱՀԿ վերը նշված փաստաթղթից)

ե/ հողի և անշարժ գույքի սեփականության իրավունքի ճանաչում***

*** Այս սկզբունքի կիրառման համար հիմք են ընդունվում սահմանազատման պահին գործող կադաստրային քարտեզները:

Այս սկզբունքները կարող են լրացվել նաև վերը նշված փաստաթղթում տեղ գտած այլ սկզբունքներով, որոնք կարող են էլ ավելի ամրապնդել «ա-ե» կետերում շարադրված սկզբունքների լիարժեք իրականացումը: Սակայն բոլոր դեպքերում նշված սկզբունքները ենթակա են պարտադիր բանակցման (սահմանազատման գործընթացի անհրաժեշտ և բավարար պայմաններ):

զ/ սահմանազատման գործում «ա և բ» սկզբունքների կատարումն ապահովելու համար ադրբեջանական զորքերը պետք է ետ քաշվեն 2020թ դեկտեմբերի 14-ի դրութլամբ զբաղեցրած դիրքերը: Այս պայմանը պետք է քննարկվի բոլոր վերը նշված սկզբունքների հետ՝ փաթեթով:

Մինչև սահմանազատման վերը նշված սկզբունքների և «զ» կետում շարադրված մոտեցման շուրջ արձանագրված և համապատասխան ձևով հաստատված պայմանավորվածության ձեռք բերումը կողմերը չեն կարող սկսել սահմանազատման բուն գործընթացը, այդ թվում առկա ռազմական և աշխարհագրական քարտեզների հիման վրա:

է/ Սահմանազատման գործընթացի անխափան և առանց ռազմական սադրանքների իրականացումն ապահովելու նպատակով նպատակահարմար է բանակցել ռուսական զորամիավորումների տեղաբաշխման հարցի վերաբերյալ՝ հայ և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով (կամ ռազմավարական առումով կարևորություն ներկայացնող հատվածներում):

Ապաշրջափակման խնդիրը

Որևէ հիմքով սխալ կլինի հրաժարվել ապաշրջափակման իրականացումից:

Սակայն հայկական կողմը պետք է հրապարակավ հայտարարի, որ ապաշրջափակումը կարող է նպաստել իր բուն նպատակի իրականացմանը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, եթե դրա արդյունքում կողմերի տնտեսական հնարավորությունները և տնտեսական անվտանգության ռիսկերը լինեն հնարավորինս բալանսավորված, իսկ տարածքային կամ աշխարհաքաղաքական սպառնալիքները՝ չեզոքացված:

Այսինքն ապաշրջափակման արդյունքում կողմերից որևէ մեկը զուրկ պետք է լինի մյուս կողմի նկատմամբ միակողմանի և անհավասարակշիռ տնտեսական ճնշում գործադրելու կամ միակողմանի տնտեսական առավելություններ ստանալու նպատակով կոմունիկացիաներն օգտագործելու որևէ հնարավորությունից:

Մենք պետք է հայտարարենք, որ ապաշրջափակման նման նպատակադրումն է կարող նպաստել ժամանակի ընթացքում կողմերի միջև վստահության ձևավորմանը, ինչը կարող է հանդիսանալ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևոր գրավական և ինչին արդարացիորեն ձգտում են բոլորը, այդ թվում միջնորդներն ու արտաքին ազդեցիկ ակտորները:

Ուստի ապաշրջափակումը պետք է սկսել նշված պահանջները բավարարող և արդեն գործող կամ նվազագույն ծախսերի միջոցով գործարկման ենթակա կոմունիկացիաների գործարկումից:

Երկրորդ, ապաշրջափակումը պետք է իրականացնել փուլերով՝ յուրաքանչյուր փուլից հետո վերը շարադրված նպատակներին հնարավորինս առավել մոտենալու նպատակադրմամբ:

Շարադրված մոտեցումների կոնտեքստում ապաշրջափակման առաջին փուլում նպատակահարմար է գործարկել Բաքու-Ղազախ-Իջևան-Հրազդան-Երևան-Երասխ- Նախիջևան- Թուրքիա կամ Երևան-Գյումրի-Թուրքիա երկաթուղին: Այսօր այն, ըստ էության, գործող է:

Հայաստանում Իջևան- Դիլիջան հատվածը այսօր չի գործում փլուզման հետևանքով և Իջևանի բենտոնիտ արտադրող ընկերության արտահանման ծավալների կրճատման պատճառով: Նշված հատվածը կարճ ժամկետում աշխատունակ վիճակի բերելը շատ մեծ ծախսերի հետ կապված չէ և միանգամայն իրատեսական է:

Ավելին, եթե կառուցվի Ֆիոլետովո- Վանաձոր 35կմ երկարության երկաթգիծը, ապա Իջևան-Վանաձոր-Գյումրի-Ղարս երկաթուղային հաղորդակցությունը դառնում է թե՛ տնտեսապես և թե՛ անվտանգության տեսակետից ավելի շահավետ:

Պակաս կարևոր չէ նաև այն, որ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների համար նկարագրված երթուղու երկարությունը Ադրբեջանի տարածքում կազմում է շուրջ 650կմ (Դերբենդ- Ղազախ), իսկ Հայաստանի տարածքում՝ մոտ 300կմ (Իջևան-Երևան-Սադարակ): Այսինքն` նշված հարաբերակցությունը նպաստավոր է նաև ողջամիտ տարիֆային քաղաքականություն իրականացնելու տեսակետից: Եթե հաշվի առնել նաև այն, որ նշված երթուղին շուրջ 250կմ ավելի կարճ է Բաքու-Հորադիզ-Մեղրի- Նախիջևան-Թուրքիա գծից, ուստի այն ունի նաև մրցակցային լուրջ առավելություն:

Երկրորդական չէ նաև այն, որ Իջևան-Երևան երկաթուղով Ադրբեջանից Թուրքիա երկաթուղու երկարությունը համարյա հավասար է Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու երկարությանը՝ 829կմ, ուստի միանգամայն նպաստավոր է նաև Ռուսաստանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելու համար, առավել ևս, որ երկաթուղու հայկական հատվածը այսօր շահագործվում է Հարավկովկասյան Երկաթուղիներ ռուսական տրանսպորտային կազմակերպության կողմից:

Թեպետ երկաթգծի նշված երթուղին Հայաստան-Ռուսաստան բեռնափոխադրումների հնարավոր ծավալների համար առաջիկա 10-15 տարիներին առանձնապես պահանջարկված չի լինի, այդուհանդերձ այն ավելի է բավարարում կոմունիկացիաների ապաշրջափակման միջոցով փոխադարձ վստահության և կայունության ձևավորմանը և միանգամայն իրատեսական է ապաշրջափակման առաջին փուլում գործարկելու առումով (ինչը չի կարելի պնդել այլ հնարավոր հաղորդակցության ուղիների մասով՝ համենայնդեպս զարգացումների ներկա փուլում):

Նույնը կարելի է պնդել նաև Հայաաստան-Նախիջևան-Իրան երկաթուղային հազորդակցության վերաբերյալ (Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը այսօր կազմում է ընդամենը 500 մլն $, այդ թվում Հայաստանից արտահանումը՝ 74մլն$): Ավելին, Հայաստան- Իրան տրանսպորտային հաղորդակցության խնդիրը պետք է դիտարկվի գլխավորապես Պարսից ծոցը Սև ծովին միացնող Հյուսիս-Հարավ տրանսպորտային ծրագրի շրջանակներում:

Բաքու- Ղազախ-Իջևան-Երևան-Նախիջևան երկաթուղին երկու տարի շահագործելուց հետո բարենպաստ պայմանների պարագայում վստահորեն կարելի է ձեռնամուխ լինել այլ կոմունիկացիաների գործարկմանը, ինչը պետք է իրականացվի այդ ընթացքում մշակված և բոլոր երեք կողմերի միջև համաձայնեցված ճանապարհային քարտեզի հիման վրա:

և, վերջապես, մեկ դիտարկում ևս, որը հայկական կողմը պետք է հաշվի առնի ապաշրջափակման խնդրի վերաբերյալ իր մոտեցումները ձևավորելիս: Մենք ծայր աստիճան շահագրգռված ենք Պարսից ծոց-Հայաստան-Սև ծով Հյուսիս Հարավ տրանսպորտային մեգանախագծում, որը համընկնում է նաև Հնդկաստանի և Չինաստանի աշխարհատնտեսական հետաքրքրություններին: Ուստի ընդհանրապես հրաժարվել ապաշրջափակման օրակարգից կամ այն անհիմն ձգձգելը կարող է ձախողել նաև տարածաշրջանում Հայաստանի աշխարհաքաղաքական կորսված կարևորությունը վերակենդանացնելու այդ հնարավորությունը:

Այսպիսին են ներկայանում այն քայլերը, որոնք պարտավոր է իրականացնել հայաստանյան ցանկացած Կառավարություն մեր պետության անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման այս բախտորոշ ժամանակաշրջանում թե՛ սահմանազատման և թե՛ ապաշրջափակման խնդիրներում:

Ավելին, այս քայլերի կատարումը՝ որպես անվերապահ իրականացման ենթակա հանրային պահանջ, հանրությունը, որպես իր Պետության և պետական իշխանության իրական տեր, պետք է ներկայացնի Կառավարությանը: Այսինքն` այս պահանջները պետք է դառնան հանրության սեփականությունը և հանրությունը պետք է հանդես գա որպես դրանց լուծման գլխավոր շահառու:

Հանրային այս պահանջների կատարման հանձնառությունը Կառավարությունը պետք է ստանձնի հրապարակավ և դրա կատարման գործընթացն ապահովի թափանցիկ ընթացակարգերով և հանրային հաշվետվողականության սկզբունքներին համապատասխան:

Հանրային նշյալ պահանջների կատարման ընթացքն ու արդյունքները կարող են և պետք է դառնան ամենակարճ ապագայում Կառավարության հանդեպ հանրային վստահության գլխավոր նախապայմանը:

Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ

Դիտվել է՝ 4802

Մեկնաբանություններ